Հս. Կորեայում բնակիչներին արգելվել է կրել կաշվե վերարկուներ
Հյուսիսային Կորեայում շարքային քաղաքացիներին արգելել են կրել կաշվե վերարկուներ, որոնք նման են ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի կրած վերարկուներին՝ պատճառաբանելով, որ երկրի ղեկավարի ոճի կրկնօրինակումն անհարգալից է։ Այս մասին հայտնում է Radio Free Asia-ն՝ հղում անելով երկրում տիրող իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Ռադիոկայանի տվյալներով՝ կաշվե վերարկուները հյուսիսկորեացիների շրջանում տարածում են գտել 2019 թվականին այն բանից հետո, երբ պետության ղեկավարը հանրությանը ներկայացել է նմանատիպ հագուստով։
2021 թվականի հունվարին կաշվե վերարկուն կրկին սկսել է մեծ պահանջարկ վայելել այն բանից հետո, երբ Կիմ Չեն Ընը դրանով հայտնվել է ռազմական շքերթի ժամանակ: Բացի այդ, միևնույն ժամանակ ԿԺԴՀ-ի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը՝ Կիմ Յեո Չոնը, ևս կրում են կաշվե վերարկուներ. այդ պատճառով նման մոդելները սկսել են պահանջարկ վայելել նաև կանանց շրջանում։
Սկզբում այս միտումին հետևում էին տեղի մեծահարուստները, որոնք կարող էին իրենց թույլ տալ Չինաստանից պատվիրել իսկական կաշվից պատրաստված վերարկուներ։ Սակայն ավելի ուշ Հյուսիսային Կորեայի հագուստ արտադրողները սկսել են կարել ավելի էժան տարբերակներ։ Արդյունքում նմանատիպ մոդելները հայտնվել են երկրի բոլոր շուկաներում, որտեղ սովորական բնակիչները ակտիվորեն գնում են դրանք։
Այս ֆոնին Հյուսիսային Կորեայի ոստիկանությունը ստեղծել է հատուկ պարեկային խմբեր, որոնք պետք է առգրավեն շուկաներում և խանութներում նման վերարկուները: Բացի այդ, նրանք կարող են նման հագուստն առգրավել այն կրող բնակիչներից: Ըստ RFA-ի աղբյուրներից մեկի՝ իրավապահներն իրենց գործողությունները բացատրում են կուսակցության դիրքորոշմամբ, որը կարծում է, որ սովորական քաղաքացիների կողմից նման կեղծ վերարկուներ կրելը վարկաբեկում է Կիմ Չեն Ընի կերպարը և խարխլում նրա հեղինակությունը։
Նախկինում ԿԺԴՀ իշխանությունները բազմիցս խիստ պահանջներ են ներկայացրել քաղաքացիների արտաքին տեսքի համար: Օրինակ՝ մայիսին Կիմ Չեն Ընն օրենքից դուրս է հայտարարել նեղ ջինսերն ու պատռված ջինսերը: Բացի այդ, 2017 թվականին լրագրողները հայտնել են, որ հյուսիսկորեացիների համար ստեղծվել է թույլատրելի սանրվածքների ընդհանուր ցուցակ:
Կարծիքներ