Բայդենն ու Հարիսը սկսել են նախընտրական արշավի դրամահավաքը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և երկրի փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել են նախընտրական արշավի դրամահավաքի մեկնարկի մասին:
Այս մասին ասվում է ԱՄՆ ղեկավարի նախընտրական արշավի կայքում։
Կայքի այցելուներին առաջարկվում է 10, 25, 75, 150 կամ 250 դոլարի չափով գումար ներդնել: Բացի այդ, կարելի է ընտրել նաև ցանկացած այլ գումար վճարելու տարբերակը: Կայքում նաև ներկայացված են տարբեր ապրանքներ՝ խորհրդանշանով։ Օրինակ՝ դեմոկրատների կողմնակիցները 32 դոլարով կարող են ձեռք բերել Բայդենի և Հարիսի ազգանուններով մարզաշապիկ:
OpenSecrets հետազոտական կազմակերպության տվյալներով՝ նախորդ ընտրություններում Բայդենին հաջողվել է հավաքել ավելի քան 1 միլիարդ դոլարի նվիրատվություն, մինչդեռ հանրապետական Դոնալդ Թրամփն այն ժամանակ հավաքել էր 774 միլիոն դոլար։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Ջո Բայդենն այսօր պաշտոնապես հայտարարել է, որ կառաջադրի իր թեկնածությունը 2024 թ.-ի նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Վերընտրվելու դեպքում Բայդենն իր երկրորդ ժամկետը կսկսի 82 տարեկան հասակում։
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թ.-ի նոյեմբերին։ ԱՄՆ-ի նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը բարձրագույն պետական պաշտոնի համար պայքարի մեջ մտնելու մասին հայտարարել էր անցյալ տարվա նոյեմբերին։
Կարծիքներ