Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման հետևանքով մեկ մարդ է մահացել
Առնվազն մեկ մարդ է մահացել Սեմերու հրաբխի ժայթքման հետևանքով, որը գտնվում է Արևելյան Ճավա նահանգում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։
Նրանց տվյալներով՝ միջադեպի հետեւանքով այրվել է 41 մարդ։ Ինդոնեզիայի աղետներից տուժածների օգնության ազգային գործակալության ներկայացուցիչները հայտնել են, որ 35 մարդ այս պահին գտնվում է հիվանդանոցներում և ստանում է բժշկական օգնություն։ Նաև, գերատեսչության ներկայացուցիչները լրագրողներին տրամադրել են տեսանյութեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են Սեմերու հրաբխին ամենամոտ գյուղերի բնակիչները փախչում, մինչդեռ թանձր ծխի և մոխրի հսկայական ամպերը սարից շարժվում են դեպի իրենց տները:
Ինչպես նշել են Լումաջանգ շրջանի տեղական իշխանությունների ներկայացուցիչները, մի քանի տասնյակ մարդկանց գտնվելու վայրն անհայտ է։ Ենթադրաբար, նրանք փակվել են իրենց տներում հրաբխի ժայթքումից: Գործակալության տվյալներով՝ ուղղաթիռներ կուղարկվեն տարերային աղետի տարածք՝ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար։
Շաբաթ օրը տեղական ժամանակով մոտավորապես 15:20-ին (Մոսկվայի ժամանակով 11:20-ին) Սեմերու հրաբխի ակտիվության աճ է գրանցվել: Սեմերուն Ճավա կղզու ամենաբարձր գագաթն է և Ինդոնեզիայի մոտ 130 ակտիվ հրաբուխների շարքում է: Սեմերու հրաբխի նախորդ ժայթքումը տեղի է ունեցել այս տարվա հունվարին, այնուհետեւ տեղի բնակիչներից ոչ ոք չի տուժել։
Կարծիքներ