Մխիթար Հայրապետյանը Արևելագիտության ինստիտուտում քննարկել է Հայաստան- Իրան հարաբերությունները
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի, Հայաստան-Իրան բարեկամական խմբի նախագահ Մխիթար Հայրապետյանը հուլիսի 23-ին հանդիպել է ինստիտուտի աշխատակիցների հետ՝ տնօրեն ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացրին Մխիթար Հայրապետյանի գրասենյակից։
«Հանդիպման ընթացքում քննարկում է ծավալվել ինչպես հայ-իրանական հարաբերությունների, այնպես էլ, առհասարակ, տարածաշրջանային զարգացումների մասին։ «Որպես Հայաստան-Իրան բարեկամական խմբի նախագահ՝ չափազանց կարևորում եմ խորհրդարանականներիս մշտական փոխգործակցությունը գիտական շրջանակների, ոլորտի մասնագետների հետ»,-նշել է Մխիթար Հայրապետյանը։
Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ պատգամավոր, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Վաղարշակ Հակոբյանը։
Հիշեցնենք, որ Մխիթար Հայրապետյանը Հայաստան-Իրան բարեկամական խմբի նախագահությունը ստանձնել է երկու շաբաթ առաջ Ազգային ժողովի խորհրդի որոշմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ