Հայ-սերբական մշակութային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ նախաձեռնություններ կիրականացվեն
Մայիսի 5-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Սերբիայից ժամանած պատվիրակության անդամներին՝ Սերբիայում հայ համայնքի ղեկավար Բիայնա Օբրադովիչ-Շահրիմանյանին, «Center for Strategic Analysis» ծրագրի ղեկավար Դարկո Օբրադովիչին, Սերբիայի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, սերբական և հարավսլավական «Borba» մշակութային ամսագրերի տնօրեն Անդրիա Յորգիչին, ամսագրերի խմբագիր Իլյանա Ստոյանովիչին:
Այս մասին տեղեկացնում է հանձնակատարի ֆեյսբուքյան էջը:
Ողջունելով հյուրերին՝ գլխավոր հանձնակատարն ընդգծել է, որ Սերբիայի փոքրաթիվ հայ համայնքն աչքի է ընկնում ակտիվությամբ և նախաձեռնողականությամբ:
«Հայաստանում և Սերբիայում շախմատի հանդեպ մեծ սեր ու հետաքրքրություն է առկա: Ուրախ եմ, որ հայ-սերբական հարաբերությունների զարգացման գործում դիտարկում եք նոր շախմատային համագործակցության հնարավորությունները»,-նշել է գլխավոր հանձնակատարը: Այնուհետ Զարեհ Սինանյանը ներկայացրել է գրասենյակի գործունեությունը, ծրագրերը և արդյունքները:
Անդրիա Յորգիչն ընդգծել է, որ կարևորում է հայ և սերբ ժողովուրդների բարեկամությունը, որի ամրապնդման գործում դերակատարություն կարող են ունենալ նաև շախմատային համատեղ միջոցառումները, որտեղ ակնկալում են նաև գրասենյակի աջակցությունը: Հյուրերը նշել են նաև, որ «Borba» ամսագրում պարբերաբար անդրադառնում են Հայաստանի մշակութային ժառանգությանը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը և մշտական կապ պահպանել համատեղ նախաձեռնությունների իրականացման համար:
Կարծիքներ