ԱՄՆ-ն ժամանակավորապես դադարեցրել է Քաբուլից տարհանումը՝ թռիչքուղին մարդկանցից մաքրելու համար (տեսանյութ)
ԱՄՆ-ի բանակը ժամանակավորապես դադարեցրել է Քաբուլից տարհանումը, որպեսզի թռիչքուղուց հեռացնի մարդկանց, որոնք փորձում են բարձրանալ ինքնաթիռներ կամ կախվել շասսիից: Այս մասին Reuters-ին հայտնել է Պենտագոնից մի աղբյուր՝ չկարողանալով հստակեցնել, թե որքան կտևի դադարը:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրի բնակիչները փորձում էին հեռանալ Աֆղանստանից՝ դրսից կախվելով մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանից մեկնող քաղաքացիական ինքնաթիռներից կամ ամերիկյան բանակի օդանավերից:
Տասնյակ աֆղանցիներ շրջապատում են օդանավերը և վազում դրանց հետևից: Միևնույն ժամանակ, նրանցից ոմանք փորձում են կախվել ինքնաթիռների տարբեր մասերից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու աֆղանցիներ մահացել են Քաբուլում թռիչք իրականացնող ինքնաթիռի շասսիից կառչելիս: Աֆղանստանի բնակիչները, որոնք, նախնական տվյալներով, աշխատել են ամերիկյան զինվորականների հետ, փորձել են փախչել ինքնաթիռով: Սակայն ինքնաթիռում նրանց համար տեղ չի եղել: Փախստականները կառչել են շասսիից, սակայն վայր են ընկել, երբ ինքնաթիռը բարձրություն է հավաքել:
Կիրակի թալիբները վերահսկողություն են հաստատել Քաբուլի վրա: «Թալիբան» շարժման համահիմնադիրը հայտարարվել է Աֆղանստանի նոր նախագահ այն բանից հետո, երբ շարժումը հայտարարել է, որ քսանամյա արևմտյան օկուպացիան «ավարտվել է»:
Կարծիքներ