Մենք հավատում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հնարավոր է խաղաղություն. Պետքարտուղարություն
Ես, անշուշտ, առաջ չեմ անցնի գործընթացից, բայց ես ուզում եմ ասել, որ ԱՄՆ-ն ուրախ է հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Միրզոյանին և Բայրամովին՝ հեշտացնելու բանակցությունները, քանի որ նրանք միասին աշխատում են Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ ապագայի համար։
Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ ԱՄՆ-ում երեկվանից մեկնարկած բանակցություններին:
«Պետքարտուղար Բլինքենը պատիվ ունեցավ ողջունել արտգործնախարարներին երեկ ընթրիքի ժամանակ և ներկա լինել Ազգային հարցերով արտաքին գործերի ուսումնական կենտրոնում առավոտյան եղած բացման լիագումար նիստին:
Քարտուղարը կարծում է, որ ուղղակի երկխոսությունը առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար: Նա խորապես ներգրավված է այդ գործընթացում: Դրանում խորապես ներգրավված է եղել նաև ավագ համակարգող Բոնոն: Մենք կշարունակենք մեծ ուշադրություն դարձնել այս գործընթացին: Կարծում ենք, որ այս երկու երկրների միջև հնարավոր է խաղաղություն, և մենք ուրախ ենք նրանց ողջունելու համար»,- ասել է Պատելը՝ նշելով, որ Միացյալ Նահանգները հավատում է, որ այս երկու երկրների միջև հնարավոր է խաղաղություն։
«Մենք կարծում ենք, որ այստեղ առանցքային է ուղիղ երկխոսությունը դիվանագիտական ճանապարհով և մենք շարունակելու ենք զբաղվել այս հարցով»,-ընդգծել է Պատելը:
Հիշեցնենք՝ մայիսի 1-ին ԱՄՆ-ում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հանդիպումը:
Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր:
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:
Կարծիքներ