Հուսանք, որ ԼՂ-ում հումանիտար իրավիճակի բարելավումը պայմաններ կստեղծի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար. Զախարովա
Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի աստիճանական բարելավումը պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության համար։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Սեպտեմբերի 18-ին ԿԽՄԿ ջանքերով՝ ռուսական խաղաղապահ զորակազմի և ՌԴ ԱԳՆ-ի մասնակցությամբ, երկու ուղղություններից միաժամանակ պարենամթերքի և դեղորայքի խմբաքանակներ են առաքվել տարածաշրջան։ Ակնկալում ենք անխոչընդոտ և կանոնավոր մարդասիրական մատակարարումների շարունակություն՝ ելնելով տեղի բնակչության շահերից»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
«Հուսով ենք, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի աստիճանական բարելավումը պայմաններ կստեղծի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 2020-2022 թվականներին ղեկավարների միջև ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի իրականացման ուղղությամբ ռիթմիկ աշխատանքի վերսկսման համար»,-նշել է նա։
Զախարովան նաև հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ «ռիթմիկ աշխատանքի» վերսկսման հույս ունի:
«Մենք շահագրգռված ենք Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանմամբ»,- եզրափակել է դիվանագետը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան Աղդամի և Լաչինի ճանապարհներով բեռների զուգահեռ անցում է իրականացվել։
Կարծիքներ