Վարչապետը շնորհավորեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը մեդալներ նվաճած հայ մարզիկներին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումների մեկնարկին շնորհավորեց Հայաստանում բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության հաջող անցկացման առիթով:
«Տարօրինակ է հնչում, և, երբ ես այդ մասին իմացա, շատ զարմացա. փաստորեն մեր անկախության շրջանում ընդհանրապես Հայաստանում օլիմպիական մարզաձևերի Եվրոպայի կամ աշխարհի առաջնություն երբևէ չէր անցկացվել:
Սա լավ փաստ չէ, և մենք հույս ունենք առաջիկայում ավելի հաճախ տեսնել այդպիսի մրցաշարեր: Հայաստանում մինչ այս մրցաշարը վերջին մասշտաբային միջոցառումը շախմատային օլիմպիադան էր, որը տեղի է ունեցել, եթե հիշողությունս չի դավաճանում , 1995 կամ 1996 թվականին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ հաջորդ տարի Հայաստանը կընդունի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը՝ վստահություն հայտնելով, որ այն ևս կանցկացնեն բարձր մակարդակով:
Փաշինյանը նաև շնորհավորեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը մեդալներ նվաճած հայ մարզիկներին:
Կարծիքներ