Պուտինն Ալի Խամենեիին խնդրել է զուսպ արձագանքել Իսրայելին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին խնդրել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը, մասնավորապես՝ զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով իրանական աղբյուրներին։
Ըստ նրանց՝ համապատասխան ուղերձը Խամենեին է փոխանցել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Նա մեկ օր առաջ այցելել էր Իսլամական Հանրապետություն։ Reuters-ի զրուցակիցները նշել են, որ բարձրաստիճան պաշտոնյայի այցը Մոսկվայի կողմից Իրանին «զսպվածության անհրաժեշտությունը» փոխանցելու մի քանի միջոցներից մեկն էր։
Նշվում է, որ ո՛չ Կրեմլը, ո՛չ Իրանի ԱԳՆ-ն թեմայի վերաբերյալ չեն արձագանքել գործակալության հարցումներին։
Կարծիքներ