Ֆրանկոֆոնիայի կազմակերպության դիտորդները ՀՌՀ-ում ծանոթացել են մշտադիտարկման գործընթացին
Այսօր՝ հունիսի 16-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ընդունել է ս.թ. հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին դիտորդական աշխատանքներ իրականացնելու նպատակով Հայաստանում գտնվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակության ներկայացուցիչներ Լորան Ժիմենեզին և Տանկոանո Մատիասին:
Տիգրան Հակոբյանը ներկայացրել է հանձնաժողովի գործառույթները, իրականացվող աշխատանքները, օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև արտահերթ ընտրությունների ընթացքում հանձնաժողովի դերը և նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հեռարձակողների կողմից քաղաքական ուժերին հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը: ՀՌՀ նախագահը նշել է, որ եթերում աճում է մանիպուլացիայի և ատելության խոսքի տեսակարար կշիռը, միաժամանակ նշել օրենսդրական այն բացերը, որոնք խոչընդոտներ են ստեղծում հանձնաժողովին իր գործառույթներն արդյունավետ իրականացնելու գործում:
Ֆրանկոֆոնիայի պատվիրակության ներկայացուցիչները շնորհակալություն հայտնելով ներկայացված տեղեկատվության համար, ՀՌՀ նախագահին առաջարկել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ընդգրկել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մեդիաների գործունեությունը կարգավորող ցանցի կազմում: Հանձնաժողովի նախագահն ընդունել է առաջարկը:
Հանդիպման ավարտին պատվիրակության ներկայացուցիչները տեղում հետևել են Հանձնաժողովի կողմից իրականացվող մշտադիտարկման գործընթացին:
Կարծիքներ