Արմեն Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Ավստրիայի, Լիտվայի և Ռումինիայի ԱԳ նախարարներին
Հանրապետության նախագահի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստանում գտնվող՝ Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգին, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսին, Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուին և նրանց ուղեկցող պատվիրակությանը:
Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետները նշել են, որ տարածաշրջանային այցի նպատակն է ընդգծել Եվրամիության համար հարավկովկասյան տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների և ԵՄ Արևելյան գործընկերության կարևորությունը։
Արևելյան գործընկերության շրջանակում Հայաստանի հետ արդյունավետ փոխգործակցության առումով դիվանագետները նշել են, որ այս տարվա դեկտեմբերին նախատեսվող՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ՝ ցանկանում են տեղեկանալ գագաթնաժողովից Հայաստանի ակնկալիքների մասին: Զրուցակիցները գագաթնաժողովը կարևոր են համարել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խթանման, ինչպես նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո քայլերի հստակեցման տեսանկյունից:
Նախագահ Սարգսյանն ու եվրոպացի բարձրաստիճան դիվանագետները մտքեր են փոխանակել պատերազմից հետո մեր երկրում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, մասնավորապես՝ մարդասիրական, սահմանային խնդիրների շուրջ: Հյուրերը նշել են, որ Եվրամիության համար կարևոր է տարածաշրջանի կայունությունը, և իրենք ցանկանում են ներդրում ունենալ այդ հարցում:
Նախագահ Սարգսյանը անդրադարձել է Ադրբեջանի կողմից անազատության մեջ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցին՝ շեշտելով, որ այս հրատապ խնդրի լուծման գործում Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունը:
Մտքեր են փոխանակվել նաև հունիսի 20-ին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների և դրանցից հետո երկրում ստեղծված իրավիճակի շուրջ: Հույս է հայտնվել, որ ընտրությունները կնպաստեն երկրում լարվածության թուլացմանը և կայունությանը:
Անդրադարձ է եղել նաև տարբեր ուղղություններով Հայաստան-Եվրամիության համագործակցության խորացմանն ու զարգացման հեռանկարներին:
Կարծիքներ