Իրանի հանգուցյալ նախագահը զգայուն էր Հայաստանի սահմանային խնդիրների նկատմամբ, և պետք է շարունակենք հաշվի առնել դա․ Ալի Խամենեի
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանի հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռայիսին շատ զգայուն էր Հայաստանի հետ կապված սահմանային խնդիրների և դրանց շուրջ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։
«Մեր հանգուցյալ նախագահը շատ զգայուն էր Հայաստանի հետ կապված սահմանային խնդիրների և դրանց շուրջ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, և պետք է շարունակենք հաշվի առնել այդ զգայունությունն ու հոգատարությունը։ Մենք պետք է կարողանանք ապահովել մեր սեփական շահերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրա խոսքերը փոխանցել է IRNA-ն։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը մատնանշել է Իրանի և Հայաստանի պատմաաշխարհագրական ընդհանրություններն ու ընդհանուր շահերը և հավելել․
«Հայաստանի հետ հարաբերություններն ընդլայնելու Իրանի քաղաքականությունը պետք է շարունակել պարոն Մոխբերի (խմբ․ խոսքը Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերի մասին է) առաջնորդությամբ»,-ասել է նա:
Իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարել է.
«Մենք ցնցված էինք՝ լսելով ավիավթարի հետևանքով Իրանի նախագահի, արտաքին գործերի նախարարի և նրանց մյուս ուղեկիցների մահվան լուրը, բայց մենք վստահ ենք, որ Ձեր առաջնորդությամբ և ղեկավարությամբ դա չի ազդի Իրանի գործունեության վրա»:
Կարծիքներ