Նոր դիվանագիտական լարվածություն թուրք-բուլղարական հարաբերություններում
Թուրքիայում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպանը հրավիրվել է Թուրքիայի արտգործնախարարություն:
Պատճառն այն է, որ նախօրեին պաշտոնական Սոֆիան Թուրքիային մեղադրել էր Բուլղարիայում նոյեմբերի 14-ին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաև ներքին գործերին միջամտելու մեջ: Այդ հարցով նույնիսկ Բուլղարիայի արտգործնախարարություն էր կանչվել Թուրքիայի դեսպանը:
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը արտգործնախարարությունում տեղի ունեցած զրույցի ժամանակ թուրքական կողմը հերքել է այն մեղադրանքները, ըստ որոնց՝ Անկարան ընտրությունների օրը փորձել է ուղղորդել Բուլղարիայի քաղաքացիներին, որոնք գտնվում են Թուրքիայում:
Բանն այն է, որ Բուլղարիայի նախագահական ընտրություններին մասնակցել էր ազգությամբ թուրք թեկնածու Մուստաֆա Քադայը և դրանով է պայմանավորված Թուրքիայի միջամտությունը: Եվ չնայած այդ ամենին՝ ընտրությունների արդյունքում նա զբաղեցրել է 3-րդ տեղը, հավաքելով 13 տոկոս ձայն, իսկ նրա ղեկավարած կուսակցությունը՝ 11 տոկոս ձայն:
Անկարան նաև հերքել է Բուլղարիայի այն հայտարարություններն այն մասին, որ Թուրքիան միջամտում է այդ երկրի ներքին գործերին:
Փոխարտգործնախարար Ֆարուք Քայմաքջըն բուլղարացի դեսպանի հետ զրույցում նշել է որ ընտրությունների օրը Թուրքիան միայն «համապատասխան պայմաններ է ստեղծել Թուրքիայի տարածքում» Բուլղարիայի քաղաքացիություն ունեցող անձանց քվեարկությունը ապահովելու համար:
Նշվել է, որ բուլղարացի դեսպանին հանձնվել է դիվանագիտական նոտա:
Կարծիքներ