Մենք հավատում ենք սահմանների անքակտելիությանը. Հունաստանի ԱԳ նախարար

Մենք հավատում ենք սահմանների անքակտելիությանը. Հունաստանի ԱԳ նախարար

Մենք աջակցում ենք բոլոր պետությունների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը:

«Դա, իհարկե, վերաբերում է նաև մեր լավ ընկեր հայերին: Մենք հավատում ենք սահմանների անքակտելիությանը: Ես կցանկանայի հստակ ուղերձ հղել այն երկրներին, որոնք փորձում են վերասահմանել քարտեզներ, բայց հետևյալն ասեմ՝ վերանայման քաղաքականությունը կձախողվի: Թուրքիան փորձում է օգտվել այս խառը իրավիճակից: Մենք՝ հույներս, վկա ենք թուրքական հռետորաբանությանը: Թույլ տվեք ասել, որ Թուրքիան նաև դեմ էր այն բանին, որ Հունաստանը մի քանի պաշտպանական զենքեր է ուղարկում հունական կղզիներ: Սա արվում է այն պայմաններում, երբ Հունաստանը գործում է իր պարտավորությունների շրջանակում»,- ասաց նա:

Հունաստանի ԱԳ նախարարը նաև հայտնեց, որ ԼՂ-ի վերաբերյալ իրենց դիրքորոշումը մնում է անփոփոխ:

«Մենք աջակցում ենք խաղաղ, փոխադարձ ընդունելի լուծումներին՝ միջազգային իրավունքի շրջանակներում:

Մենք նաև ողջունում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խիզախությունը: Նա առաջարկել է նոր մոտեցում այս տարածաշրջանում նոր ապագայի համար, սակայն լուծումները և խաղաղությունը չեն կարող կառուցվել այն պայմաններում, երբ կա ուժի կիրառման սպառնալիք»,- ասաց Դենդիասը:

Նա շեշտեց նաև, որ մարդասիրական խնդիրները պետք է անհապաղ լուծվեն:

«Միջազգային մարդասիրական իրավունքը պետք է հարգվի»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում