Հիվանդանոց տեղափոխված արցախցի կանանց կյանքին վտանգ չի սպառնում
Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխված կանանց կյանքին վտանգ չի սպառնում:
«Այսօր ռուս խաղաղապահները փորձել են ՀՀ Գորիս քաղաքից Արցախ տեղափոխել թվով 27 քաղաքացիների (ներառյալ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ), սակայն Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի «էկոամտիվիստները» արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Տեղում ադրբեջանցիների միջամտության պատճառով վատացել է մեր քաղաքացիներից չորսի ինքնազգացողությունը, ռուս խաղաղապահները ապահովել են շտապօգնության մեքենայի ժամանումը և նշված չորս քաղաքացիները (կանայք) տեղափոխվել են ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ։
Բոլորին ցուցաբերվել է պատշաճ առաջին օգնություն և նրանք այս պահի դրությամբ գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Նրանց կյանքին որևէ վտանգ չի սպառնում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Արցախի պետնախարարն էր հայտնել, որ ադրբեջանցիները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի արգելափակված հատվածում արգելել են արցախցիների մուտքը Արցախ:
ԱՀ ՄԻՊ-ն էլ հրապարակել է դեպքի մանրամասներն ու տեսանյութ՝ ավտոբուսի ներսից և հայտնել, որ եղել է ադրբեջանական կողմի հետ նախնական պայմանավորվածություն, քաղաքացիները ավտոբուսում սպասել են մոտ 5 ժամ:
Կարծիքներ