Իտալիայում առգրավվել է օլիգարխ Մելնիչենկոյի հսկայական զբոսանավը՝ 530 մլն եվրո արժողությամբ
Իտալիայում իրավապահներն առգրավել են ռուսաստանցի օլիգարխ Անդրեյ Մելնիչենկոյին պատկանող SY A հսկայական զբոսանավը, հայտնում է CNN-ը:
Նշվում է, որ SY A սուպերզբոսանավը գտնվում էր Իտալիայի հյուսիս-արևելքում՝ Տրիեստում: Դրա արժեքը կազմում է մոտ 530 մլն եվրո։ Ըստ Nobiskrug ընկերության, որը կառուցել է նավը, այն աշխարհի ամենամեծ զբոսանավերից մեկն է։
Մելնիչենկոն հայտնվել է ԵՄ պատժամիջոցների տակ, որոնք սահմանվել էին մարտի 9-ին։ Ինչպես նշվում է Եվրահանձնաժողովի որոշման մեջ, 35 այլ գործարարների հետ նա հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո՝ քննարկելու պատժամիջոցների տնտեսական ազդեցությունը։ Եվրահանձնաժողովը կարծում է, որ այն փաստը, որ նա հրավիրվել է այս հանդիպմանը, վկայում է այն մասին, որ նա պատկանում է Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատին և աջակցում է գործողություններին, որոնք խաթարում կամ սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն:
Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:
Կարծիքներ