ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովի նախագահը մտահոգված է ԼՂ պատերազմից հետո գերեվարված անձանց ճակատագրով

ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովի նախագահը մտահոգված է ԼՂ պատերազմից հետո գերեվարված անձանց ճակատագրով

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Միգրացիայի հանձնաժողովի նախագահ Պիեռ Ալան Ֆրիդեզը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի հետևանքով գերեվարված և անհետ կորած անձանց ճակատագրով: Այս մասին նա հայտարարել է հանձնաժողովում այս թեմայով քննարկումների արդյունքում:

Միգրացիայի հանձնաժողովի նախագահը մասնավորապես նշել է, որ Ադրբեջանի կառավարությունը չի պահպանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված ժամկետները՝ ներկայացնելու տվյալներ իրենց մոտ պահվող անձանց վերաբերյալ:

«Ադրբեջանը պարտավոր է լիարժեքորեն համագործակցել դատարանի հետ՝ տրամադրելով տեղեկատվություն ցուցակում ընդգրկված անձանց գտնվելու վայրի և ճակատագրի վերաբերյալ, վստահեցնելով, որ նրանք առանց որևէ հապաղման հետ են վերադարձվելու՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի»,- հայտարարել է Պիեռ Ալան Ֆրիդեզը:

Նա նշել է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը ԿԽՄԿ աջակցությամբ պետք է համագործակցեն առանց նախապայմանների և բարեխղճորեն՝ լուծում գտնելու անհետ կորած անձանց խնդրի համար և կազմակերպելու գերիների արագ ազատումը:

Պիեռ Ալան Ֆրիդեզը հայտարարել է, որ Միգրացիայի հանձնաժողովը պատրաստակամ է աջակցել երկու երկրներին՝ լուծելու երկարատև հակամարտության հետևանքով ի հայտ եկած հումանիտար խնդիրները: Ներկայում հանձնաժողովի անդամ, զեկուցող Պոլ Գավանը զեկույց է պատրաստում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» խորագրով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում