Բորելն ու Բլինկենը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ու ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը քննարկել են ուկրաինական սահմանին ստեղծված էսկալացիան։ Այս մասին ասվում է Եվրոպայի արտաքին կապերի ծառայության տարածած հայտարարության մեջ, փոխանցում է RIA Novosti-ն։
Մասնավորապես, ԵՄ ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է նվազեցնի սահմանային լարվածությունը և լիովին իրագործի Մինսկի պայմանավորվածությունները։
«Մենք պայմանավորվել ենք մեր գործողությունների հետագա համակարգման և այն բանի շուրջ, որ եվրոպական անվտանգության հարցերի վերաբերյալ քննարկումը պետք է անցկացվի ԵՄ-ի մասնակցությամբ ու համակարգմամբ»,-ասել է Բորելը։
Պետքարտուղարն ու ԵՄ բարձրագույն ներկայացուցիչը հաստատել են ԱՄՆ-ԵՄ գործընկերության ամրապնդման և համատեղ աշխատանքի իրենց անփոփոխ հանձնառությունը՝ ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու համար։
Խոսելով Ուկրաինայում իրավիճակի մասին՝ նրանք ընդգծել են համակարգված գործողությունների անհրաժեշտությունը՝ ուղղված երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելուն, և հաստատել, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ցանկացած հետագա ռազմական ագրեսիա կունենա լուրջ հետևանքներ։
Կարծիքներ