ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնը տեղափոխվել է աշխատանքի շուրջօրյա ռեժիմ
ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնը տեղափոխվել է աշխատանքի շուրջօրյա ռեժիմ, կազմակերպության միացյալ շտաբի օպերատիվ խումբն ուղարկվել է Ղազախստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել են ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում:
«ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների հետ փոխգործակցության համակարգման, ՀԱՊԿ-ի Հավաքական խաղաղապահ ուժերի ձևավորման և ծավալման, ՀԱՊԿ-ի մարմինների որոշումների իրականացման վերահսկողության, ինչպես նաև օպերատիվ, վարչական և նյութատեխնիկական ապահովման հարցերով փոխգործակցության համար Ղազախստանի Հանրապետություն է ուղարկվել օպերատիվ խումբ՝ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետի տեղակալի գլխավորությամբ», - ասել են կազմակերպությունում:
ՀԱՊԿ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների ներկայացուցիչները տեսակոնֆերանսի ռեժիմով քննարկել են Ղազախստանում տիրող իրավիճակը և Կազմակերպության Հավաքական խաղաղապահ ուժերի գործողությունները: Այս մասին ևս հայտնում են ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի ծառայությունից։
«2022 թվականի հունվարի 9-ին ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի ընդհանուր ղեկավարությամբ, տեսակոնֆերանսային կապի ռեժիմով տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն ՀԱՊԿ-ի անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների ներկայացուցիչների մասնակցությամբ»,- ասել են կազմակերպությունում:
Խորհրդակցությանը նշվել է, որ ՀԱՊԿ բոլոր պետությունները պետության ղեկավարի խնդրանքով օպերատիվ կերպով զորակազմ են ուղարկել Ղազախստան: ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկվել են Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի ստորաբաժանումները:
Միացյալ շտաբը ՀԱՊԿ քարտուղարության հետ համատեղ մշակել է Հավաքական անվտանգության խորհրդի, ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի կողմից հաստատված փաստաթղթեր Ղազախստանում իրավիճակի կարգավորմանն ուղղված միջոցառումների, ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի ձևավորման և Ղազախստանի տարածքում խաղաղապահ գործողության անցկացման վերաբերյալ:
Կարծիքներ