Չէի ասի, թե սա պարգևավճար է. սա աշխատավարձի բարձրացում է, ուղղակի մի փոքր այլ եղանակով. Հովհաննիսյան
«Պետական պաշտոնյաների աշխատավարձը մեծ հաշվով վերջին 5-6 տարիներին չի փոխվել: Քննարկում եղել է 1-2 տարի առաջ այն մասին, որ ինչ-որ բան է պետք անել, որովհետև ակնհայտ է, որ կան խնդիրներ՝ կապված այն բանի հետ, որ որակյալ մասնագետներ, մեծ հաջողություն ունեցող մարդիկ, որոնք մասնավոր հատվածում ստանում են բավականին բարձր աշխատավարձեր, իրենց ներգրավելը պետական համակարգ տարբեր պատճառներով այդքան էլ հեշտ չէ, և այդ պատճառներից մեկը նաև այդ աշխատավարձերի մակարդակն է»:
Այս մասին 2025-ի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով պետական պաշտոնյաների պարգևավճարներին:
Նա նշել է, թե թեմայի շրջանակում քննարկումների ժամանակ իր դիրքորոշումն այն է եղել, որ ուղղակի բարձրացնել նախարարների, փոխնախարարների կամ ղեկավար անձնակազմի աշխատավարձն այնքան էլ ճիշտ չէ, և պետք է ներդնել մի համակարգ, որպեսզի առնվազն հնարավոր լինի որոշակի թիրախներ դնել և այդ թիրախների գնահատման արդյունքով անել աշխատավարձի բարձրացում:
Ըստ նրա՝ այդ բարձրացումը պետք է լինի ոչ բոլորի համար նույն ձևով, այսինքն՝ ովքեր կունենան ավելի լավ կատարողական, նրանք կստանան մի փոքր ավելի բարձր աշխատավարձ, մյուսների համար՝ մի փոքր պակաս:
«Այս համակարգը պիլոտային կարգով մենք ներդրեցինք անցած տարվա սկզբից, այսինքն՝ անցած տարվա սկզբից սահմանվեցին թիրախային նպատակներ տարբեր գերատեսչությունների համար: Հետո՝ տարվա կեսին, դրա վերաբերյալ եղավ գնահատման պրոցես, թե ինչքանով են դրանք կատարվել:
Չէի ասի, որ սա պարգևավճար է, որովհետև սա աշխատավարձի բարձրացում է՝ ուղղակի մի փոքր այլ եղանակով»,- պարզաբանել է նախարարը և հավելել, որ արվածը խիզախ քայլ է, որովհետև եթե նախկինում ինչ-որ մեկը կանխիկ էր բաժանում փողը, և դա շահարկման թեմա չէր դառնում, այժմ գործընթացը թափանցիկ է դարձել:
«Մենք հավելյալ 300 միլիարդի հարկ ենք հավաքել, այդ հարկը հավաքվել է այն պատճառով, որ պետական պաշտոնյաները բիզնեսով չեն զբաղվում, բիզնես չեն հովանավորում, ազատություն է տրված տնտեսական գործունեություն իրականացնելու համար, մարդիկ զբաղվում են այդ գործունեությամբ, այդ ավել հարկերը վճարվում են, և այդ հարկերի մի մասը, այո՛, պետք է վճարվի որպես աշխատավարձ:
Կարծում եմ՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք բավականին լարված և սթրեսային աշխատանքով են զբաղված, առնվազն պետք է որոշակի սոցիալական խնդրի մասին ամեն օր չմտածեն, որպեսզի կարողանան կենտրոնանալ իրենց աշխատանքը կատարելության հասցնելու հանձնառության վրա»,- եզրափակել է նախարարը:


Կարծիքներ