Բողոքի ցույցեր Վրաստանում. կան տուժածներ
Թբիլիսիի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց ցույցը ցրելու ընթացքում վնասվածքներ ստացած տասնչորս անձինք տեղափոխվել են Կովկասյան բժշկական կենտրոն. տուժածների թվում են նաեւ Formula հեռուստաալիքի լրագրողը եւ TV Pirveli-ի օպերատորը, ում աչքերը գիշերը շտապ վիրահատվել էին:
Առաջին ալիքը, վկայակոչելով Արտակարգ իրավիճակների համակարգման եւ շտապ օգնության կենտրոնը, հայտնում է, որ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում վիրավորվել է ինը մարդ. նրանցից չորսն արդեն դուրս է գրվել բժշկական հաստատությունից:
Ըստ New Hospitals-ի բժիշկների` տուժածներն աչքերի եւ ոտքերի վնասվածքներ են ստացել:
Հինգ մարդ տեղափոխվել է Գուդուշաուրիի կլինիկա. նրանցից երկուսն արդեն լքել են բուժհաստատությունը: Ըստ Rustavi2 հեռուստաալիքի` շտապօգնության թիմերը յոթ հիվանդ են հասցրել Գուդուշաուրիի կլինիկա, այդ թվում` մեկ ոստիկանի: Բոլորն արդեն դուրս են գրվել բուժհաստատությունից:
Բժիշկների խոսքով` երկու տուժածի մոտ, այդ թվում` ոստիկանության սպայի, գլխի մակերեսային վնասվածքներ են եղել: Նշվում է, որ բոլոր հիվանդներին առաջարկվել է մնալ կլինիկայում, սակայն բոլորն էլ սեփական նախաձեռնությամբ դուրս են գրվել:
Ըստ TV Pirveli հեռուստաալիքի` կլինիկա ընդունված տուժածների թվում եղել է 11 ոստիկան. նրանցից երկուսը ուղեղի ցնցում է ստացել եւ շարունակում է բուժումը բժշկական հաստատությունում:
Կարծիքներ