Ամենահարուստ ռուսաստանցիների կարողությունը 2023 թ.-ի սկզբից աճել է ավելի քան 10,4 մլրդ դոլարով

Ամենահարուստ ռուսաստանցիների կարողությունը 2023 թ.-ի սկզբից աճել է ավելի քան 10,4 մլրդ դոլարով

Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2023 թ.-ի սկզբից մարտի 1-ի դրությամբ աճել է ավելի քան 10,4 միլիարդ դոլարով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողության մասին տվյալները հրապարակված են Bloomberg գործակալության «Միլիարդատերերի ինդեքսում»(Bloomberg Billionaires Index)։

Ինդեքսը, մասնավորապես, հաշվարկվում է ընկերությունների բաժնետոմսերի արժեքի հիման վրա։ Ըստ ինդեքսի տվյալների՝ 2023 թ.-ի սկզբից իրենց կարողությունն առավել մեծ չափով ավելացրել են «Լուկօյլի» ղեկավար և հիմնական սեփականատեր Վագիտ Ալեքպերովը (91-րդը ցուցակում) և «Սևերստալի» հիմնական բաժնետեր Ալեքսեյ Մորդաշովը (78-րդը ցուցակում):

Ալեքպերովը վաստակել է 2,43 միլիարդ դոլար՝ կարողությունը հասցնելով 17,8 միլիարդ դոլարի, իսկ Մորդաշովի կարողությունն աճել է 1,54 միլիարդ դոլարով՝ մինչև 20,2 միլիարդ դոլար: Երկու ամենահարուստ ռուսաստանցիների կանխիկ ակտիվների արժեքը հիմնված է շահութաբաժինների, ինսայդերական գործառնությունների, հարկերի և շուկայական ցուցանիշների վերլուծության վրա:

Նովոլիպեցկի մետալուրգիական գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինը (76-րդ տեղ) իր կարողությունն ավելացրել է 905 միլիոն դոլարով, այժմ այն ​​կազմում է 20,8 միլիարդ դոլար։ Bloomberg Billionaires Index-ի տվյալների համաձայն՝ ռուսաստանցի ամենահարուստ միլիարդատերը՝ «Նորնիկելի» ղեկավար Վլադիմիր Պոտանինը, որը վարկանիշային աղյուսակում զբաղեցնում Է 44-րդ տեղը, կորցրել է 94,2 միլիոն դոլար: Նրա կարողությունը գնահատվում է 28,5 միլիարդ դոլար:

«Նովատեկի» ղեկավար Լեոնիդ Միխելսոնը (54-րդ տեղ) վաստակել է 516 միլիոն դոլար՝ ավելացնելով իր կարողությունը մինչև 25,1 միլիարդ դոլար:

Միևնույն ժամանակ, «Եվրոխիմի» նախկին շահառու Անդրեյ  Մելնիչենկոյի (146-րդ տեղ) կարողությունը նվազել է 506 միլիոն դոլարով՝ մինչև 12,6 միլիարդ դոլար: Լրատվական գործակալությունը 2012 թ. մարտից հրապարակում է Bloomberg Billionaires Index-ը, որում ներառված են է տվյալներ մոլորակի 500 ամենահարուստ մարդկանց կարողության մասին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը դարձյալ գլխավորել է ամերիկացի գործարար, գյուտարար Իլոն Մասկը: 2023 թ.-ի սկզբին նա ուներ 137 միլիարդ դոլար կարողություն: Այժմ նրա կարողությունը կազմում է 187 միլիարդ դոլար:Այս ,տիտղոսըե նա կարճ ժամանակով զիջել էր ֆրանսիացի գործարար, Louis Vuitton Moet Hennessy ընկերության նախագահ Բեռնար Առնոյին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում