Ըստ Ճապոնիայի պաշտպանության նախարարի՝ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի քայլերին պատասխանը կարևոր է Չինաստանին զսպելու համար
Արևմուտքի գործողություններն ի պատասխան Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի որոշումների և քայլերի, կարևոր են Չինաստանին զսպելու առումով։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս կարծիքը հայտնել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիշին ուրբաթ օրը The Washington Post թերթի էլեկտրոնային տարբերակում հրապարակված հարցազրույցում։
Չինաստանը ուշադիր հետևում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին և «հատուկ ուշադրություն է դարձնում, թե ինչպիսի արձագանք է ցուցաբերում միջազգային հանրությունը», - ասել է Ճապոնիայի ռազմական գերատեսչության ղեկավարը, ով այս օրերին բանակցություններ է վարել ԱՄՆ մայրաքաղաքում։ Կիշիի կարծիքով, արեւմտյան արձագանքը էական ազդեցություն կունենա Պեկինի հաշվարկների եւ «ապագայում ասիական տարածաշրջանում գործողությունների վրա»։ Նրա խոսքով, եթե համաշխարհային հանրությունը թույլ տա, որ Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում մնան անհետևանք, «ապա դա կարող է սխալ ազդանշան տալ, որ նման գործողությունները կարող են հանդուրժվել աշխարհի այլ մասերում, այդ թվում՝ Հնդկական և Խաղաղ օվկիանոսների տարածաշրջաններում։ Այս առումով Ռուսաստանի նման գործողությունները չեն կարող հանդուրժվել»,- ասել է Ճապոնիայի պաշտպանության նախարարության ղեկավարը։
Նրա խոսքով՝ Տոկիոն մտադիր է ստեղծված իրավիճակում Կիևին ցուցաբերել հնարավոր բոլոր աջակցությունը։
Կարծիքներ