Երևանի քաղաքապետի պաշտոնավարումը ժամկետից շուտ ավարտելու հարցով քննարկում չկա. Աղաջանյան

Երևանի քաղաքապետի պաշտոնավարումը ժամկետից շուտ ավարտելու հարցով քննարկում չկա. Աղաջանյան

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավորումը սահմանված ժամկետից շուտ ավարտելու մասով քննարկումներ չկան: 

Այս մասին ասաց իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք քննարկվո՞ւմ է քաղաքապետի փոփոխության հարց:

«Երևանի քաղաքապետն ընտրված է կոնկրետ ժամկետներում պաշտոնավարելու տրամաբանությամբ: Այդ ժամկետը դեռևս չի ավարտվել: Եվ այս պահի դրությամբ որևէ քննարկում առ այն, որ այդ ժամկետներից ավելի վաղ պետք է այդ պաշտոնավարումն ավարտվի, չկա»,-ասաց Աղաջանյանը:

Նա հիշեցրեց, որ դա միայն հնարավոր կլինի օրենքով սահմանված մի քանի ընթացակարգերով. օրինակ, երբ քաղաքապետն ինքը հրաժարական կտա կամ ավագանին անվստահություն կհայտնի:

Անդրադառնալով լրատվամիջոցներից մեկում տարածված տեղեկության վերաբերյալ հարցին, թե Հայկ Մարությանը հանդիպել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ խմբակցության պատգամավորը հորդորեց այդ հարցով դիմել Հայկ Մարությանին կամ Ռոբերտ Քոչարյանին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում