Առաջարկել են օգտագործված մոդուլային զորամասեր բերել, Կառավարությունը պահանջել է ամբողջությամբ նորը. Մարուքյան

Առաջարկել են օգտագործված մոդուլային զորամասեր բերել, Կառավարությունը պահանջել է ամբողջությամբ նորը. Մարուքյան

«Ուզում եմ միանալ բոլոր ցավակցություններին, սա ուղղակի մի աննկարագրելի, անթույլատրելի դեպք է, որը, բնականաբար, պետք է ունենա հետևանքներ կոնկրետ պատասխանատուների համար, նաև հետևանքներ այդ իրավիճակը վերացնելու համար»,- Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին երեկ ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

Վերջինս նշել է, որ մեր զինվորները չպետք է պահվեն այն պայմաններում, ինչ պայմաններում նրանք եղել են: Սակայն, ըստ նրա, թեև այդ պայմաններում էլ պետք է բոլոր անվտանգային միջոցները պահպանվեն:

«Բնականաբար, այն, ինչ եղել է, ունի իր հետևանքները և պատճառները: Թե ինչո՞ւ են զինվորները տեղավորվել գյուղերում՝ այդ տներում, որովհետև զորամասը պայթեցվել է Ադրբեջանի հարձակման ժամանակ: Սակայն դրան համարժեք քայլն այն է, որ պետք է լինեն ավելի լավ պայմաններ՝ անվտանգության բոլոր նորմերին համապատասխանող նոր մոդուլային զորանոցներ»,- ասել է Մարուքյանը:

Վերջինս մանրամասնել է՝ սեպտեմբերի 13-ի՝ Ադրբեջանի հարձակումից հետո, երբ զորամասը պայթեցվել է, Կառավարությունը պատվիրել է իտալական մոդուլային զորամասեր. «Այն ընկերությունը, որը պետք է դա մատակարարեր, անգամ առաջարկել էր, որ Աֆղանստանում օգտագործված մոդուլային զորամասերը բերեն: Կառավարությունը չի համաձայնել և պահանջել է ամբողջությամբ նորը: Այդ զորանոցները արդեն եկել են: Դրանք պետք է հավաքվեն համապատասխան տարածքներում, և մենք պետք է ունենանք լրիվ այլ պայմաններ»:

Վերջինիս խոսքով՝ չենք կարող ասել անվտանգության պայմաններն են պատճառը. ծնողները, մարդիկ որոնք բանակին զինվոր են տալիս, չեն ուզում լսել այդ պատասխանները:

«Պատասխանն այն է, որ պետք է ամբողջությամբ փոխել մեր համակարգը, դրան այլընտրանք գոյություն չունի, և ամեն մի նման դեպք գալիս է ապացուցելու այս ամեն ինչը»,- նկատել է դիվանագետը:

Ինչպես են լինելու նոր զորանոցները, և երբ է նախատեսված դրանց ավարտը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում