Կիևը բացառել է Դոնբասում հարձակում սկսելու հնարավորությունը

Կիևը Դոնբասում հարձակում չի նախատեսում։ Այսպիսի հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Յուլյա Մենդելը, հաղորդում է РИА Новости գործակալությունը։
«Բանն այն է, որ Ուկրաինան չի կարող հարձակվել իր իսկ տարածքի վրա և չի կարող պայքարել իր ժողովրդի դեմ», – ասել է Մենդելը «Дом» հեռուստաընկերության եթերում։
Մենդելը հայտնել է, որ խաղաղության պետք է տանեն միայն բանակցությունները, ուստի Կիևը փորձում է հասնել բանակցությունների «նորմանդական ձևաչափով»։
Օրերս Վլադիմիր Զելենսկին այցելել էր Դոնբասի շփման գիծ և հայտարարել, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին տարածաշրջանում խաղաղության միակ ուղին է։
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինն ավելի վաղ նշել էր, որ շփման գծում շատ լարված իրավիճակ է, և վստահություն էր հայտնել, որ Ուկրաինան պատրաստ է Դոնբասում լայնամասշտաբ ռազմական գործողությունների։
Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակն անվանել էր վտանգավոր՝ նշելով, որ «այնտեղ ամեն րոպե կարող է վերսկսվել քաղաքացիական պատերազմը»։
Կարծիքներ