ՀՀ նախագահը մեկ շաբաթ ժամանակ ունի հրաժարականի դիմումը հետ վերցնելու համար
Եթե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 1 շաբաթվա ընթացքում հետ չվերցնի հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին արձանագրություն կկազմի և կստորագրի ԱԺ նախագահը, որի հրապարակման պահից հրաժարականը կհամարվի ընդունված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ նիստում՝ ՀՀ նախագահի հրաժարականի դիմումի մասին հայտարարություն անելով:
Նա նշեց՝ Սահմանադրության 142-րդ հոդվածի և ԱԺ կանոնակարգ օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել: «ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո 1 շաբաթվա ընթացքում համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ: Իսկ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է ԱԺ նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասաց Սիմոնյանը:
Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի որոշման մասին հայտնի էր դարձել հունվարի 23-ին:
Կարծիքներ