ՀՀ տարածքով Ադրբեջանից Նախիջևան երթևեկության ժամանակ Հայաստանի բնակիչների ազատ տեղաշարժը չի խոչընդոտվելու. ԱԱԾ

ՀՀ տարածքով Ադրբեջանից Նախիջևան երթևեկության ժամանակ Հայաստանի բնակիչների ազատ տեղաշարժը չի խոչընդոտվելու. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ԶԼՄ-ներով և սոցիալական հարթակներով շրջանառվող այն լուրը, թե  ՀՀ տարածքով Ադրբեջանի Հանրապետությունից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և հակառակ ուղղությամբ ավտոմոբիլային տրանսպորտով հնարավոր տարանցիկ ուղևորման դեպքում տարանցման ժամանակ ՀՀ տեղական և միջազգային նշանակություն ունեցող ճանապարհները փակվելու են, ինչով խոչընդոտվելու է Հայաստանի բնակիչների ազատ տեղաշարժը, չի համապատասխանում իրականությանը։

«Հայտնում ենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 703-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծով նախատեսվում է 3 նոր անցակետերի բացում, որոնցով հնարավորություն կընձեռնվի Ադրբեջանի Հանրապետությունից ավտոմոբիլային տրանսպորտով տարանցիկ ուղևորվել դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։

Ներկայումս մշակման փուլում են գտնվում տարանցման հավանական (ավտոմոբիլային) երթուղիները և կարգը, որում Հայաստանի բնակչության, ինչպես նաև օտարերկրացիների ու վերջիններիս պատկանող տրանսպորտային միջոցների տեղաշարժի համար որևէ տեղական և/կամ միջազգային (միջպետական) նշանակության ճանապարհների փակում և/կամ այլ սահմանափակումներ չեն նախատեսվում»,-ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում