Մասկը մտադիր է վեց տարվա ընթացքում «Թվիթեր»-ի եկամուտներն ավելացնել ավելի քան հինգ անգամ

Մասկը մտադիր է վեց տարվա ընթացքում «Թվիթեր»-ի եկամուտներն ավելացնել ավելի քան հինգ անգամ

Ձեռնարկատեր Իլոն Մասկը, ով պատրաստվում է գնել «Թվիթեր»-ը, մտադիր է վեց տարվա ընթացքում ավելի քան հինգ անգամ ավելացնել ընկերության եկամուտները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա հայտնել է The New York Times-ը:

Պարբերականի տվյալներով՝ Մասկը մտադիր է մինչև 2028 թվականը «Թվիթեր»-ի եկամուտը հասցնել 26.4 մլրդ ԱՄՆ դոլարի: Նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել էր մոտ 5 մլրդ ԱՄՆ դոլար:

Իլոն Մասկը նաև ակնկալում է, որ 2028 թվականին սոցցանցի օգտատերերի թիվն ավելի քան 4 անգամ կաճի՝ 2021 թվականի վերջի տվյալներով 217 միլիոնից վեց տարում հասնելով 931 միլիոնի: Ընդ որում, Մասկի ծրագրով՝ 104 միլիոնը լինելու են վճարովի օգտատերեր:

Իլոն Մասկը մայիսի սկզբին հայտարարել էր, որ «Թվիթեր»-ը կազմակերպությունների ու պետական կառույցների համար կարող է դառնալ վճարովի:

Ապրիլի 25-ին «Թվիթեր»-ի ղեկավարությունը հայտնեց, որ ամերիկացի ձեռնարկատերն ընկերությունը ձեռք է բերելու 44 մլրդ ԱՄՆ դոլարով: Եթե Մասկը որոշի չեղարկել համաձայնությունը, ապա ընկերությանը 1 մլրդ ԱՄՆ դոլարի տուգանք կվճարի: Իսկ եթե համաձայնության խախտման նախաձեռնողը լինի «Թվիթեր»-ը, ապա փոխհատուցումը կստանա Մասկը: Գործարքի վերջնական ավարտի տարեթիվ է նշվում 2022 թվականի հոկտեմբերի 24-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում