«Քաղաքացիական պայմանագիր»-ը Գյումրու ավագանու արտահերթ նիստ է նախաձեռնել. օրակարգում քաղաքապետի ընտրությունն է
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոյեմբերի 8-ին նախաձեռնել է ավագանու արտահերթ նիստ: Օրակարգում մեկ հարց է՝ Գյումրի համայնքի ղեկավարի ընտրությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Կարեն Սարուխանյանն է լինելու:
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 28-ին «Բալասանյան» դաշինքը ունեցած 14 մանդատը վայր դնելու արձանագրություն էր ներկայացրել թիվ 31 ԸԸՀ: Այսինքն՝ փաստացի Գյումրին չունի քաղաքապետ։
Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 11-ին «Բալասանյան դաշինք»-ը իր բացակայությամբ տապալել էր Գյումրու ավագանու նիստը։ Սեփական որոշմամբ՝ հոկտեմբերի 15-ից աշխատանքային պարտականությունները ժամանակավորապես հեռավար իրականացնելու որոշում էր կայացրել քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, այնուհետև վերադարձել աշխատանքի և հրաժարական ներկայացրել:
Ստեղծված այս իրավիճակում հրավիրված նիստը կկայանա, եթե համապատասխան քվորումն ապահովվի: Այսինքն, եթե ավագանու գործող 20 անդամից 17-ի մասնակցությունն ապահովվի, նիստը կկայանա:
Կարծիքներ