Հայաստանը լիովին իրավասու է սկսել պատերազմը դադարեցնելու նոր բանակցություններ․ «Ժառանգություն»
Արցախյան պատերազմը դադարեցնելու Հայաստանի և Արցախի համար ծանրագույն և հայության մեծամասնության համար անընդունելի կետեր ներառող եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստանում հանրային-քաղաքական հուզումներ են՝ ցասման խորացող դրսևորումներով: Այս մասին ասվում է «Ժառանգություն» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։
««Ժառանգություն» կուսակցությունը խորապես մտահոգված է քաղաքացիական հակամարտության հնարավոր արագընթաց բորբոքմամբ: Մենք դատապարտում ենք ՀՀ իշխանությունների որդեգրած պահվածքը ընդդիմադիր գործիչներին և քաղաքացիներին ԱԱԾ կամ ոստիկանություն բերման ենթարկելու, ինչպես դրանից առաջ խստիվ դատապարտել ենք իշխանության ներկայացուցչի հանդեպ կիրառված բիրտ բռնությունը, ապա նաև հանրային գույքի վնասումը:
«Ժառանգութան» համար առաջնային է վարչապետ Փաշինյանի ստորագրած եռակողմ փաստաթղթի անվավեր ճանաչման և դրույթների վերախմբագրման հրամայականը: Առաջարկում ենք խորհրդարանական ուժերին և հատկապես «Իմ քայլի» քաղաքական մեծամասնությանը անհապաղ ԱԺ արտահերթ նիստ գումարել՝ ստորագրված փաստաթուղթն անվավեր ճանաչելու հարցով, որից հետո դիմել ՍԴ նույն առաջարկով: ՀՀ նախագահն արդեն հայտարարել է, որ ինքը տեղյակ չի եղել այդ թղթի դրույթներին, ուստի Հայաստանը լիովին իրավասու է սկսել նոր բանակցություններ՝ նախորդ իր կողմից չեղարկվող պայմանավորվածության կետերը հնարավորինս փոխելու համար, հատկապես Արցախյան պատերազմի հետ ուղղակիորեն չկապված Մեղրիի մասով: Այս համապատկերում, հաշվի առնելով ստեղծված օրհասական վիճակը, կոչ ենք անում հիշյալ եռակողմ թուղթը ստորագրած և ճնշումներին ենթարկված ՀՀ կառավարությանը ինքնակամ հրաժարական տալ՝ օրենսդրական ուղի բացելով պատերազմ սանձազերծած պետության և միջնորդ Ռուսաստանի հետ նոր բանակցությունների համար: ՀՀ նախագահի ինստիտուտը՝ որպես օրինական կարևոր հաստատություն, պետք է համակարգի այս գործընթացը: Հայաստանին և Արցախին անհարաժեշտ է ընթանալ իրավական ուղիով՝ բացառելով որևէ քաոս ու առավել ևս՝ բռնություն: Ժամանակը սուղ է»,- ասված է հայտարարության մեջ։
Կարծիքներ