Բիրտ ուժ կիրառելու հանձնարարական չի եղել, հասարակական կարգի խախտման դեպքում համաչափ ուժ է կիրառվում
Ոստիկանության համակարգի աշխատակիցների մայիս ամսվա պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 2.5 միլիարդ դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը:
Նրա խոսքով`ոստիկանության բոլոր աշխատակիցները մայիսին աշխատավարձից բացի ստացել են պարգևավճար: Ոստիկանի միջին աշխատավարձը մոտ 215 հազար դրամ է: «Նման պարգևատրումներ եղել են նաև 2019, 2020, 2021 թվականներին: Դա գործընթաց է, որն իրականացվում է ոստիկանությունում՝ օրենքին համապատասխան: Ապրիլ ամսին ոստիկանները չեն պարգևատրվել, միայն ստացել են իրենց աշխատավարձն ու օրենքով հասանելի հավելավճարները: Հունիսին ևս պարգևավճար չի նախատեսվում»,-ասաց նա:
Անդրադառնալով վերջին օրերին «Դիմադրություն» շարժման մասնակիցների հետ բախումներին և ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելուն՝ Մովսիսյանն ասաց, որ բիրտ ուժ կիրառելու հանձնարարական չի եղել և եթե հասարակական կարգի խախտում է տեղի ունենում, ոստիկաններն այդ ժամանակ համաչափ ուժ են կիրառում:
Փոխոստիկանապետն ընդգծեց, որ արդեն իսկ 50 ծառայողական քննություն է անցկացվում, 10 քրեական գործ է հարուցվել: «Վեց ոստիկան և հինգ քաղաքացիական անձ է տեղափոխվել հիվանդանոց: Ոստիկանության աշխատակիցներից մեկի մոտ ողերի կոտրվածք է հայտնաբերվել»,- ասաց նա՝ հավելելով, թե քանի որ մայրաքաղաքում հավաքներ և ցույցեր են տեղի ունենում, հասարակական կարգն ու անվտանգությունը ապահովելու նպատակով մարզերից ևս ոստիկանության աշխատակիցներ են ուղեգրվում Երևան:
Կարծիքներ