Ագրեսորը նկատել է երեք ռուսական համարներ մեկ վայրում և հենց այդ պահին հարվածել իսրայելական ԱԹՍ-ով. Ալեքսանդր Ժիլին
«Քիչ առաջ տեսաուղերձով շփվել եմ իմ մարտական ընկերոջ՝ Յուրի Կոտենոկի հետ, որը գտնվում է Երևանի հիվանդանոցներից մեկում: Լավագույն հայ նեյրովիրաբույժները ծանրագույն վիրահատություն են կատարել՝ փրկելով Յուրիի ոտքը»,- այսպիսի տեղեկություն է հայտնում ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Ժիլինը: Ֆեյսբուքյան իր էջում նա իր խոնարհումն է հայտնում հայերին և նշում. «Փառք Աստծո, իմ ընկերը Երևանում է, որտեղ նրան շրջապատում են եղբայրական հոգատարությամբ և բարձրակարգ օգնություն են ցուցաբերում»:
Ալեքսանդր Ժիլինը նշում է, որ Ադրբեջանի կողմից այն եկեղեցուն հարվածից, որտեղ Յուրին, նրա օպերատորը և ևս մեկ ռուս լրագրող են գտնվել (Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի՝ Տ.Հ.) մանրամասներ են ի հայտ եկել: Ալեքսանդր Ժիլինը մանրամասնում է. «Նրանք բոլորն ունեցել են ռուս օպերատորների SIM քարտեր: Ագրեսորը նկատել է երեք ռուսական համարներ մեկ վայրում և հենց այդ պահին հարվածել է իսրայելական ԱԹՍ-ով: Այսինքն՝ նրանք միտումնավոր հարվածել են ռուս բաժանորդներին: Արկը պայթել է եկեղեցում ՝ Յուրիի կողքին, որի պատճառով էլ ստացել է ծանր վիրավորում: Նրան փլատակների տակից դուրս է բերել և իր տուն տարել հայ ընկերը»:
«Ես արդեն պատասխանել եմ հայկական լրատվամիջոցների այն հարցին, թե ինչու եմ հայտնվել ղարաբաղյան պատերազմի այս կողմում: Բոլոր ընկերների համար կրկնում եմ, ռուս սպան պետք է լինի այն կողմում որտեղ սպանում են, եթե նա իրոք ռուս սպա է, նա այդպես է դաստիարակված: Վերջակետ: Իսկ ես ստորագրում եմ այդ խոսքերի տակ». ասել է Յուրի Կոտենոկը:
Կարծիքներ