Համագործակցության հուշագիր՝ ի նպաստ Հայաստանում անտառապատ տարածքների ավելացման

Համագործակցության հուշագիր՝ ի նպաստ Հայաստանում անտառապատ տարածքների ավելացման

Կարևորելով շրջակա միջավայրի նախարարության և «Մայ ֆորեսթ Էյ Էմ» հասարակական կազմակերպության միջև առկա արդյունավետ համագործակցությունը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ու բնական պաշարների ողջամիտ օգտագործման, անտառների վրա վնասակար ներգործությունների կանխարգելման կամ նվազեցման, ինչպես նաև անտառների կայուն կառավարման, պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու օգտագործման կարևորությունը՝ այսօր շրջակա միջավայրի նախարարությունը՝ ի դեմս նախարար Հակոբ Սիմիդյանի, և «Մայ ֆորեսթ Էյ Էմ» հասարակական կազմակերպությունը՝ ի դեմս հիմնադիր տնօրեն Անդրե Գումուշճեանի, համագործակցության հուշագիր են կնքել։

 

Շրջակա միջավայրի նախարարությունում հյուրերին ողջունելով՝ նախարար Հակոբ Սիմիդյանը ևս մեկ անգամ կարևորել է պետական գերատեսչությունների և մասնավոր կազմակերպությունների միջև սերտ համագործակցությունը՝ ի նպաստ Հայաստանում անտառապատ տարածքների ավելացման ՀՀ Կառավարության հանձնառության։

 

«Համոզված եմ, որ մեր երկու կառույցների միջև համագործակցությունը կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը, բարելավմանը, վերականգնմանն ու բնական պաշարների ողջամիտ օգտագործմանն ուղղված համապատասխան միջոցառումների և ծրագրերի իրականացմանը։ Վստահ եմ՝ այս համագործակցությունը լավ նախադեպ և օրինակ կհանդիսանա մյուս կազմակերպությունների համար ևս։ Պետք է հնարավորինս համատեղել ջանքերը՝ Հայաստանում անտառածածկ տարածքների ավեացման գործում»,- նշել է նախարարը։

 

Նախքան հուշագրի կնքումը քննարկվել են երկկողմ համագործակցության մի շարք առաջնահերթություններ և Հայաստանում անտառների ընդհանուր վիճակին առնչվող հարցերի լայն շրջանակ:

 

Նախարարը կարևորել է շրջակա միջավայրի ոլորտում ներդրումների ներգրավման մեխանիզմները և կանաչ ներդրումներն իրենց կարևորությամբ մյուս ոլորտներում ներդրումներին հավասարեցնելուն ուղղված քայլերը։

 

«Մենք՝ որպես ոլորտի քաղաքականություն մշակող և ոլորտը կառավարող մարմին, և դուք՝ որպես ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող կազմակերպություն, ունենք նույն առաջնահերթությունները և կիսում ենք ապագայի նույն տեսլականը։ Ուստի պետք է խնդրեմ ձեզ պայքարել կանաչ օրակարգի առաջմղման համար»,- նշել է նախարարը։

 

Հուշագրով նախարարությունը և «Մայ ֆորեսթ Էյ Էմ» հասարակական կազմակերպությունը նախապես փոխհամաձայնեցված պայմաններով համագործակցելու են հետևյալ ուղղություններով՝

 

անտառվերականգման և անտառապատման աշխատանքների կազմակերպում, նախապես համաձայնեցված և օրենքով սահմանված թույլատրելի տարածքներում.

 

անտառային էկոհամակարգերում կենսաբազմազանության պահպանությանն ու վերականգնմանն ուղղված համատեղ աշխատանքների կազմակերպում.

 

բնապահպանական ծրագրերի իրականացում.

 

վերապատրաստումների, համաժողովների, կլոր սեղան-քննարկումների կազմակերպում։

 

Հուշագրի շրջանակներում կողմերն իրականացնելու են նաև երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ուսումնակրթական բնույթի ծրագրեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում