Գործադրելու ենք կանոնակարգային բոլոր գործիքները. Վարդանյանը կարևորեց հանձնաժողովի կարգապահությունը
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի խոսքով` անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ներառականությանը և հանձնաժողովային կարգապահությանը: Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ 7-րդ գումարման Ազգային ժողովի շրջանակում իրենց հաջողվել է ունենալ ոչ թե «Իմ քայլը» դաշինքի կամ ընդդիմության պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով, այլ հենց Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով, որտեղ լսելի լիներ յուրաքանչյուր անդամի ձայնը, որտեղ պաշտպանվեին յուրաքանչյուր անդամի իրավունքները, որտեղ ապահովվեր անհրաժեշտ ներառականությունը:
«Գիտեք, հանձնաժողովը ծանրաբեռնված է, և ծանրաբեռնվածության պարագայում չափազանց կարևոր է առաջին նիստերին մասնակցությունը: Եվ այս հարցում որոշակի հետագա կանոնակարգումների կարիք կունենանք, որովհետև, ի վերջո, անտրամաբանական է, երբ ծանրաբեռնված հանձնաժողովի որոշ անդամներ առավոտից երեկո աշխատում են, իսկ որոշ անդամներ հայտարարում են այն մասին, որ իրենք համաձայն չեն այս կամ այն հարցի հետ և չեն մասնակցելու նիստերին: Ինձ համար որպես և´ սահմանադրական, և´ միջազգային իրավունքի մասնագետ չափազանց կարևոր է բոյկոտի ինստիտուտը՝ որպես ինստիտուտ, որը պաշտպանում է ընդդիմության իրավունքները, բայց պետք է տարբերակենք բոյկոտը պարզապես նիստին չհաճախելու պրակտիկայից»,- նշեց Վարդանյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը ասաց, որ գործադրելու են ԱԺ կանոնակարգային բոլոր գործիքները, որոնք ուղղված են պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստերին բացակայելու համար պատասխանատվության կանչելուն:
Կարծիքներ