Ադրբեջանը փորձում է մոլորեցնել Facebook-ի-ղեկավարությանը
Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը նամակ է ուղարկել Facebook- ի ղեկավարությանը, որում մտահոգություն է հայտնում տեղեկատվական պատերազմի և սոցիալական ցանցերում վերջին տագնապալի միտումների կապակցությամբ:
Հաղորդագրության մեջ շեշտվում է, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը հակահարձակողական գործողություններ են իրականացնում , որպեսզի կանխեն Ադրբեջանի դեմ ուղղված հայկական ագրեսիան և ապահովեն խաղաղ բնակչության անվտանգությունը։
«Մենք ազատագրում ենք մեր միջազգայնորեն ճանաչված տարածքները, որոնք գրավվել են Հայաստանի կողմից 1990-ականների սկզբին։ Գրավված տարածքներում հայերն էթնիկ զտման են ենթարկել ողջ բնակչությանը, որից հետո շուրջ մեկ միլիոն ադրբեջանցի փախստականներ և տեղահանված բնիկներ արդեն 30 տարի է՝ սպասում են իրենց՝ տուն վերադառնալու հնարավորությանը», - ասվում է նամակում:
Բացի այդ, այն նշում է, որ վերջին իրադարձությունների ֆոնին սոցիալական մեդիան վերածվել է հարթակի, որտեղ տեղեկատվական պատերազմն է ընթանում, և ադրբեջանական կողմը, հերքելով հայկական ստերը, աշխարհին ներկայացնում է ճշմարտությունը։
Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ ադրբեջանցի օգտատերերի պրոֆիլները զանգվածաբար և անհիմն կերպով արգելափակվում են նրանց լռեցնելու համար, և դա արվում է ընկերության հայամետ աշխատակիցների ազդեցությամբ։
Ադրբեջանի նախարարությունը հույս է հայտնել, որ, հաշվի առնելով ներկայացված փաստարկները, Facebook- ի ղեկավարությունը կձեռնարկի անհրաժեշտ քայլեր կանխելու ընկերության հնարավորությունների չարաշահումը՝ հօգուտ հակամարտող կողմերից որևէ մեկի և երկուստեք չեզոքություն պահպանել՝ ստեղծելով անվտանգ վիրտուալ միջավայր ազատ արտահայտվելու համար։
Նշենք, որ սա ադրբեջանական կողմի հերթական քարոզչական քայլն է, որով փորձում են արդարացնել իրենց սանձազերծած ագրեսիան, որի արդյունքում արդեն մեկ ամիս է՝ պատերազմն արցախյան սահմանին չի դադարում։ Ադրբեջանական քարոզչական մեքենան, ինչպես այս նամակում, այդպես էլ բոլոր մյուս հայտարարություններում ու անգամ լրատվության մեջ անամոթաբար կեղծում է իրականությունը, խեղաթյուրում պատմական փաստերն ու իրավիճակը։
Կարծիքներ