ԱԺ-ն ընդունեց երկրում ռազմական դրությունը վերացնելու մասին ընդդիմության նախագիծը

ԱԺ-ն ընդունեց երկրում ռազմական դրությունը վերացնելու մասին ընդդիմության նախագիծը

ՀՀ ազգային ժողովն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությունը վերացնելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որը նախաձեռնել էին ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները: ԱԺ մարտի 24-ի նիստում քվեարկությամբ ստացավ 118 «կողմ», 1 «դեմ», 1 «ձեռնպահ» ձայներ:

Թեև ընդդիմության այս նախաձեռնությունն ԱԺ գլխադասային հանձնաժողովում ստացել էր բացասական եզրակացություն, սակայն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լիագումար նիստում առաջարկել էր կողմ քվեարկել նախագծին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կան քաղաքական պայմանավորվածություններ, անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչը առնվազն հանգուցալուծման ու քաղաքական կայունության վերականգնման ճանապարհ է, և կառավարությունը, այսպես, թե այնպես, մոտ օրերս պետք է հանդես գար ռազմական դրությունը վերացնելու նախաձեռնությամբ:

Քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու:

Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն է հայտարարված սեպտեմբերի 27-ից` Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմով պայմանավորված:

Ըստ ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքի՝ Ազգային ժողովի նախագահը ռազմական դրության չեղյալ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում