Մակրոնն առաջարկել է դադար վերցնել կառավարության ձևավորման գործում` Օլիմպիական խաղերին ընդառաջ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քաղաքական կուսակցություններին խորհուրդ է տալիս հանրապետության նոր կառավարության ստեղծման շուրջ քննարկումներում դադար վերցնել՝ պայմանավորված Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մակրոնը հայտնել է Սեն Դենի կոմունայում օլիմպիական ավան կատարած այցի ժամանակ:«Հիմա ուշադրության կենտրոնում պետք է լինի մրցումների անցկացումը», - հայտարարել է նա։ Ըստ Agence France-Presse-ի՝ Մակրոնը չի նշել՝ արդյոք դա նշանակում է, որ ինքը վարչապետ չի նշանակի մինչև Օլիմպիական խաղերի ավարտը։Օլիմպիական խաղերը Փարիզում կանցկացվեն հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 11-ը, Պարալիմպիկ խաղերը՝ օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 8-ը։Հուլիսի 22-ին Կլիմայի եվրոպական հիմնադրամի ղեկավար Լորանս Տյուբիանան հրաժարվել է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքի կողմից իր թեկնածության առաջադրումից։ Ֆրանսիական կուսակցություններն արդեն ավելի քան երկու շաբաթ չեն կարողանում համաձայնության գալ հնարավոր կոալիցիայի ստեղծման շուրջ։Հունիսի 9-ին Մակրոնը հայտարարել էր խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին՝ Եվրոպական խորհրդարանի ընտրություններում իր կուսակցության պարտությունից հետո։ Հուլիսի 7-ին խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ էր տարել ձախ «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը՝ 577-տեղանոց խորհրդարանում ստանալով 182 մանդատ։ Սակայն դաշինքին չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ստանալ, այնպես որ, ձախ կուսակցությունները ստիպված են կոալիցիա ձևավորել։ Ընտրությունների արդյունքներով, Մակրոնի «Միասին» կենտրոնամետ կոալիցիան ստացել է 168 մանդատ, իսկ Մարին Լը Պենի և Ժորդան Բարդելլայի ծայրահեղ աջ «Ազգային միավորումը»՝ 143։ Բացարձակ մեծամասնության համար մրցակից դաշինքներին անհրաժեշտ էր ստանալ առնվազն 289 տեղ:
Կարծիքներ