Մանկապարտեզների խնդիրը Գյումրիում լուծված է․ Սուրեն Պապիկյանն ամփոփեց Շիրակի մարզում իրականացված եռամյա աշխատանքը

Մանկապարտեզների խնդիրը Գյումրիում լուծված է․ Սուրեն Պապիկյանն ամփոփեց Շիրակի մարզում իրականացված եռամյա աշխատանքը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել Շիրակի մարզպետարանում՝ 2018-2020 թթ․ մարզում իրականացված ծրագրերը և առաջիկա անելիքները քննարկելու նպատակով։

Խորհդակցությանը մասնակցել են Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, ՏԿԵ նախարարության ենթակա կառույցների ղեկավարներ, մարզպետարանի ոլորտային պատասխանատուներ, համայնքների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք։

ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն իր խոսքում անդրադարձել է տարածքային զարգացման քաղաքականությանը՝ ընդգծելով, որ դրա առանցքում եղել է ապակենտրոն կառավարումը, որի հաջողության մասին կարող են վկայել մարզի տարբեր համայնքներում կատարված աշխատանքների ցուցանիշները։

Նախարարի պաշտոնակատարը ներկաների ուշադրությունն է հրավիրել վերջին 3 տարվա ընթացքում մի շարք ոլորտային ձեռքբերումների ուղղությամբ։

Սուրեն Պապիկյանի խոսքով՝ ներկայումս մեկնարկել և ընթանում է Գյումրի քաղաքի և Շիրակի մարզի 12 բնակավայրերի ջրամատակարարման ամբողջական ցանցի վերականգնման՝ շուրջ 7,3 մլրդ արժողությամբ ծրագիրը։

Ենթակառուցվածքային ծրագրերից նախարարի պաշտոնակատարն առանձնացրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հետ համագործակցության արդյունքում գրանցված վերջին հաջողությունները։ Ինչպես նշել է նախարարի պաշտոնակատարը, հունիսի վերջին Հայաստան կներմուծվեն 27 ուղևորատար վագոններ, տարվա ընթացքում նաև 3 նոր էլեկտրագնացքներ։ Վերջինները կհամալրեն գործող Երևան-Գյումրի ուղղությունն սպասարկող շարժակազմը։ Ընդ որում՝ նախատեսվում է նորացված շարժակազմերով երկաթուղային տրասնպորտի գործարկում ՀՀ գործող երկաթգծի ամբողջ հասանելիությամբ՝ այն է մինչև Երասխ և մինչև Գյումրի։

Սուրեն Պապիկյանը շեշտել է, որ այս ուղղությամբ ներդրումները նախատեսված էին հաջորդող 15 տարիների համար, բայց դրանց դրա զգալի մասը հաջողվում է իրականացնել 2021-2024 թթ․ ընթացքում, ինչն էական ազդեցություն է ունենալու ոլորտում թե՛ սպասարկման, թե՛ գնագոյացման վրա։

Իր խոսքում նախարարի պաշտոնակատարն առանձնահատուկ կարևորել է մանկապարտեզների, նախակրթարանների, դպրոցաշինության, տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների տարբեր ուղղություններով կատարվող աշխատանքները։

Սուրեն Պապիկյանը մատնանշել է, որ Գյումրիում լուծվել է նախակրթարանների կենսական նշանակության խնդիրը, ինչի մասին խոսվել էր երեք տարի առաջ Գյումրիում Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով կառուցված մանկապարտեզի բացմանը։

«Ես այն ժամանակ խոսք էի տվել, որ Գյումրի քաղաքում այլևս տնակային պայմաններում մանկապարտեզներ չեն լինի, և ի ուրախություն՝ նշեմ, որ վերջին մանկապարտեզի մրցութային գործընթացն արդեն իսկ ավարտվել է, ստորագրված են համապատասխան պայմանագրերը և շինարարական աշխատանքների մեկնարկն օրերս կտրվի»,- ասել է Պապիկյանը։

Ճանապարհաշինության բնագավառում՝ 2018-20 թթ․ Շիրակի մարզում, ընդհանուր առմամբ, վերանորոգվել է 107,8 կմ ճանապարհահատված, որը ներառում է հիմնանորոգման, միջին նորոգման, կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարեկարգման և Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը։

Նախարարի պաշտոնակատարը Շիրակի մարզի և, ընդհանրապես, հանրապեության համար կենսական որակեց Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարությունը։ «Չնայած Հյուսիս-հարավ ծրագրում առկա տարբեր խոչընդոտներին և արբիտրաժային գործընթացներին, ապահովել ենք ծրագրի շարունակականությունը․ չինացի գործընկերների հետ հաջողված բանակցությունների շնորհիվ շինարարական աշխատանքների մեկնարկն այս տարի արդեն իսկ տրվել է։ Այս պահի դրությամբ ակնկալում ենք ունենալ 46 կմ ճանապարհ, որը Թալինից մինչև Գյումրի մեզ կապահովի միակողմանի ասֆալտապատ ճանապարհով»,- ընդգծել է Սուրեն Պապիկյանը։

Խորհրդակցության ընթացքում մարզպետ Հովհաննես Հարությունյանն ու մարզպետարանի պատասխատուները ներկայացրել էն Շիրակի մարզում տարբեր ոլորտներում կատարված աշխատանքները։

«Երբ մենք վերլուծում ենք անցած երեք տարիներին իրականացված աշխատանքներն ու դրանց ծավալներն ենք հաշվարկում, հստակ երևում է, որ տարեցտարի ներդրումներն ու կապիտալ ծախսերը Շիրակի մարզում ավելացել են։ Մարզում 2021 թվականին քաղաքաշինության ոլորտում իրականացվելու են շուրջ 40 մլրդ 580 մլն դրամի կապիտալ ներդրումներ։ Աշխատանքներ կիրականացվեն թե՛ բնակարանաշինության, թե՛ կրթական ու առողջապահական օբյեկտների շինարարության, թե՛ ճանապարհաշինության մասով։ Սա խոսում է այն մասին, որ ներդրումներն աճել են, կապիտալ ծախսերն՝ ավելացել»,-  նշել է Շիրակի մարզպետը

2018 թվականից մինչ օրս քաղաքաշինության ոլորտում իրականացված աշխատանքների վերաբերյալ զեկույցում նշվել է, որ ընթացքի մեջ է գյուղական բնակավայրերի անօթևանության խնդրի լուծման ծրագիրը, 2020 թվականին մեկնարկած թվով 26 ընտանիքների բնակարանների կառուցման աշխատանքներն ավարտին կհասցվի նոյեմբերին: Իրականացվել է շուրջ 310,1 մլն դրամ գումարի շինարարական աշխատանք: Մնացորդը կազմում է 153,3 մլն դրամ:

2021 թվականին Շիրակի մարզում նախատեսվում է իրականացնել փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցման աշխատանքներ Բերդաշեն, Կապս, Արեգնադեմ համայնքներում: Նախատեսվում է ևս մի քանի դպրոցի և մոդուլային մանկապարտեզների կառուցում։

Սուբվենցիոն ծրագրերի վերջին երեք տարիների ընթացքում տասնապատկվել են։ 2021-ին կիրականացվի 70 սուբվենցիոն ծրագիր։

Զեկույցների ավարտից հետո, ամփոփելով հանդիպման ընթացքում ներկայացված ցուցանիշները, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը նշել է, որ հանդիպման գլխավոր նպատակն արված աշխատանքներն ամփոփելով առաջիկա անելիքները նախանշելն է․ «Ես վստահ եմ՝ մեր հանդիպման ժամանակ այնպես չէ, որ ներկայացվեցին բոլոր իրականացված ծրագրերը, պետք է կարևորենք ցանկացած ծրագրի իրականացում՝ բոլոր ուղղություններով, ինձ համար կարևոր է տարածքների համաչափ զարգացումը»։

Նախարարի պաշտոնակատարը հանդիպման ավարտին պատասխանել է համայնքապետերին հուզող հարցերին։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում