Ճանապարհաշինությունից կրթական բարեփոխումներ.Նիկոլ Փաշինյանը Սևանում ներկայացրեց նախընտրական ծրագրերը

Ճանապարհաշինությունից կրթական բարեփոխումներ.Նիկոլ Փաշինյանը Սևանում ներկայացրեց նախընտրական ծրագրերը

Հայաստանում անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի 6-րդ օրը Գեղարքունիքի մարզում է: Առաջին կանգառը Սևան քաղաքում է: Մշակույթի պալատի հարակից հրապարակում անցկացված հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը, կարևորելով ընտրություններին յուրաքանչյուրի մասնակցությունը, նշեց, որ իրենցից պահանջվում է հաղթել՝ իրականացնելու պողպատյա ժողովրդական հեղափոխություն:

«Վերջին երեք տարիներին մենք չենք կարողացել կեղեքող էլիտայի ամբողջական փոփոխություն անել: Այս ընտրությունների կարևորությունը, երկրում երկար տարիներ հաստատված կեղեքող էլիտան, առաջնորդող էլիտայով փոխարինելու մեջ է: Այս ընտրություններում մեզնից պահանջվում է ոչ թե պարզապես հաղթել, այլ իրականացնել մի նոր հեղափոխություն, որը մենք անվանում ենք ոչ բռնի, բայց պողպատյա ժողովրդական հեղափոխություն: Կեղեքող էլիտան իր երկարաժամկետ իշխանությունն ապահովել է առաջին հերթին ժողովրդին զրկելով պատշաճ կրթությունից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա ներկայացրեց կրթության ոլորտում վերջին տարիներին իրականացրած բարեփոխումները, սկսած առաջին դասարանցիների ընդունելության կարգի փոփոխությունից, որն ամբողջությամբ իրականացվում է էլեկտրոնային համակարգով, վերջացրած դպրոցների, նախակրթարանների կառուցման ու հիմնանորոգման ծրագրերով:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իրենց իշխանության օրոք հանրապետությունում իրականացված լայնամասշտաբ ասֆալտապատման ծրագրերը: Նրա խոսքով, միայն ծավալները չեն արտահայտում իրական պատկերը:

«Նախկինում ասֆալտապատում էին այն ճանապարհները, որոնք տանում էին իրենց խրախճանքի ու զվարճանքի վայրեր: Մենք եկել ենք ու 100-ավոր կիլոմետրերով ճանապարհներ ենք կառուցել, որոնք տանում են դեպի մոռացված գյուղեր»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա ներկայացրեց նաև իշխանության գալուց հետո պետական բյուջեի ծավալներն ավելացնելու ցուցանիշները, թոշակների, նպաստների չափը բարձրացնելուն ուղղված ծրագրերը: Նիկոլ Փաշինյանը նաև հիշեց, որ այս ընթացքում էական ծավալներով բարձրացվել է զինվորականների աշխատավարձը: Վերջին երկու տարում ավելի շատ գումար է ծախսվել զենք-զինամթերքի, սպառազինության ձեռքբերման վրա, քան դրան նախորդող տարիներին:

«Սիրելի ժողովուրդ այս ընտրություններին մեզ պետք է մանդատ տաք, որ մենք կառուցենք դպրոցներ, մանկապարտեզներ, նորացնենք բուհական, գիտական համակարգը»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում