Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ. տեսանյութ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ԱԳ նախարարական համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 2-ին հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ ԱԳ նախարարությունից, նախարարները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության դինամիկայի կապակցությամբ՝ այդ առումով նշելով նաև խորհրդարանական մակարդակում շփումների ակտիվացման կարևորությունը։
Արարատ Միրզոյանն իր երախտագիտությունն է հայտնել Հունաստանի կառավարությանը Հայաստանի համար դժվարին ժամանակաշրջանում ցուցաբերած աջակցության, ինչպես նաև՝ Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած ճգնաժամի հաղթահարմանն ուղղված հումանիտար օգնության տրամադրման համար։
Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը Նիկոս Դենդիասին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված հերթական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և դրան հետևած վերջին զարգացումները։
Մտքեր են փոխանակվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: Նախարար Միրզոյանը կարևորել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության տևական և համապարփակ կարգավորման վերաբերյալ։
Ընդգծվել է նաև ռազմագերիների ու այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման, միջազգային կառույցների՝ Արցախ անխոչընդոտ մուտքի ապահովման անհրաժեշտությունը։
Կարծիքներ