Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը քաղաքական առաջնահերթություն է. Գերմանիայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստան-Գերմանիա և Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հարցում ներդրված ջանքերի համար և ընդգծել փոխգործակցության կայուն զարգացման կարևորությունը:
«ՀՀ Ազգային ժողովի և Բունդեսթագի միջև խորհրդարանական բազմաշերտ համագործակցությունն ու պատգամավորական ակտիվ փոխայցերը, խորհրդարաններում բարեկամական խմբերի առկայությունը, անխոս, վկայությունն են մեր երկրների միջև բարձր մակարդակի երկխոսության»,- նշել է ԱԺ նախագահը:
Վիկտոր Ռիխտերը բարձր է գնահատել երկու երկրների միջև հաստատված փոխգործակցությունը և ընդգծել, որ միջխորհրդարանական շփումներն առանցքային դերակատարում ունեն հարաբերությունների խորացման հարցում:
Զրուցակիցները քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքը:
Վիկտոր Ռիխտերը վերահաստատել է ԳԴՀ հանձնառությունը՝ աջակցել խաղաղության շուրջ բանակցությունների գործընթացին:
«ՀՀ-ում ընթացող բարեփոխումները և Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը քաղաքական առաջնահերթություն են»,- նշել է դեսպանը:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Գերմանիա համագործակցության ընդլայնման հեռանկարների և ընթացիկ ծրագրերի շուրջ: Կարևորվել է փոխգործակցությունը մշակութային, կրթական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում:
Կարծիքներ