Թրյուդոն մինչև սեպտեմբերի 23-ը դադարեցրել է Կանադայի խորհրդարանի աշխատանքը
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, օգտվելով իր արտոնություններից, հայտարարել է մինչև սեպտեմբերի 23-ը խորհրդարանի գործունեության դադարեցման մասին: Ինչպես կառավարության ղեկավարը հայտնել է լրագրողներին, նա այդ խնդրանքով դիմել է երկրի գեներալ-նահանգապետ Ժյուլի Պեյետին, որն էլ ստորագրել է համապատասխան հրամանագիրը, գրում է tass.ru-ն։
«Մեզ անհրաժեշտ է վերականգնման (կորոնավիրուսի պայմաններում տնտեսական վերականգնման) երկարաժամկետ ծրագիր»,- ասել է նա՝ ընդգծելով, որ այդ ծրագրի իրականացման առաջին քայլերը կներկայացվեն սեպտեմբերի 23-ին։
«Ես խնդրել եմ գեներալ-նահանգապետին դադարեցնել խորհրդարանի աշխատանքը։ Խորհրդարանական ընթացակարգերի համաձայն՝ պալատների աշխատանքը կասեցնելու դեպքում չեղյալ են հայտարարվում քննարկմանը ներկայացված բոլոր օրինագծերը»,- նշել է նա։
Ընդ որում, Պեյետի՝ սեպտեմբերի 23-ի ելույթից հետո Թրյուդոն պետք է վստահության քվե ստանա խորհրդարանի կողմից։ Եթե դա տեղի չունենա, ապա Կանադային սպասվում են նոր ընտրություններ։
Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ վարչապետը, հայտարարելով խորհրդարանի աշխատանքի դադարեցման մասին, ցանկանում է խուսափել WE Charity բարեգործական հիմնադրամի շուրջ սկանդալի հետագա զարգացումից, որում ներգրավված են Թրյուդոյի ընտանիքի անդամները և ֆինանսների նախարար Ուիլյամ Մորնոն, որը երկուշաբթի հայտարարել է իր ցանկությամբ հրաժարականի մասին: Այս որոշման արդյունքում կասեցվելու է Սենատի ֆինանսական հանձնաժողովի գործունեությունը, որը զբաղվում է հետաքննությամբ։
Կարծիքներ