ՌԴ ՊՆ-ն 12 БРДМ-2М մարտական հետախուզապարեկային զրահամեքենա է տրամադրել Տաջիկստանին
ՌԴ պաշտպանության նախարարությունը 12 БРДМ-2М նորացված հետախուզապարեկային զրահապատ մեքենա է փոխանցել Տաջիկստանի զինված ուժերին՝ Աֆղանստանի հետ սահմանին տիրող անկայուն իրավիճակի ֆոնին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ մեջբերելով ՌԴ ՊՆ հաղորդագրութունը:
«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Տաջիկստանի զինված ուժերին 12 БРДМ-2М նորացված հետախուզապարեկային զրահապատ մեքենաներ է տրամադրել՝ պահեստամասերի համալիրով, ինչպես նաև զենք, մարտի վարման միջոցներ, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության գույք»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Սպառազինման փոխանցման արարողությանը ռուսական կողմից մասնակցել է ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանի զորքերի փոխհրամանատար Եվգենի Ցինդյայկինը:
Տաջիկստանի պաշտպանության փոխնախարար գեներալ-մայոր Խիսրավ Բոբոզոդան, իր հերթին, նշել է, որ միջոցառումը երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության կարևոր իրադարձություն է և շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին Տաջիկստանի պաշտպանունակությունն ապրապնդլու հարցում ցուցաբերած օգնության համար:
Տաջիկստանի և Աֆղանստանի միջև սահմանին լարված իրավիճակ է ստեղծվել, երբ «Թալիբան» ծայրահեղական շարժումն ակտիվացրել է գործություններն Աֆղանստանում և զավթել իշխանությունը:
Կարծիքներ