Ստրասբուրգի քաղաքային խորհուրդն ընդունել է Հայաստանին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ բանաձև
Ստրասբուրգի քաղաքային խորհուրդը նոյեմբերի 7-ին միաձայն ընդունել է Հայաստանին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ բանաձև, որը ներկայացրել էր խորհրդի անդամ Պիեռ Յակուբովիչը (M. Pierre JAKUBOWICZ)։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից, բանաձևում ընդգծվում է, որ Հայաստանն իր հողի վրա հերթական անգամ Ադրբեջանի կողմից ենթարկվել է ագրեսիայի, խախտվել է նրա սահմանները և միջազգային իրավունքը։
Նշվում է, որ Հայաստանը, Եվրոպայի խորհրդի անդամ բարեկամ, եղբայրական երկիր է, որի վրա կրկնվող հարձակումները նրա համար էկզիստենցիալ վտանգ են ներկայացնում, ինչն անընդունելի է։
Ստրասբուրգի քաղաքային խորհուրդը և նրա բոլոր անդամները հաստատում են իրենց աջակցությունը հայ ժողովրդին և խստորեն դատապարտում Հայաստանի վրա ռազմական հարձակումը՝ կոչ անելով վերադառնալ արդար և հարատև խաղաղության:
Ի նշան համերաշխության Հայաստանի և հայ ժողովրդի հետ, նյութական աջակցությունից զատ, Ստրասբուրգի քաղաքապետարանի և վարչական կենտրոնի շենքերի վրա կբարձրացվի Հայաստանի դրոշը։
Կարծիքներ