Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել պահպանել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել հայ-ադրբեջանական սահմանին պահպանել հրադադարի համաձայնագիրը։
«Ես խորապես ազդված եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին բախումների մասին լուրերից։ Իմ հոգևոր աջակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին և կոչ եմ անում կողմերին հարգել հրադադարի ռեժիմը։ Խաղաղությունը հնարավոր է, երբ նրանք մի կողմ դնեն իրենց զենքերը և մտնեն երկխոսության մեջ», - հայտարարել է Հռոմի Պապը՝ նշելով, որ Վատիկանում շարունակում են աղոթել խաղաղության համար ցանկացած հողում, որը ոռոգված է պատերազմի արյունով:
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ 2 կողմում էլ:
Կառավարության վերջին նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ այդ պահի դրությամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհվածների թիվը 135 է, սակայն այն հստակ չէ, կարող է փոփոխվել:
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունը դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։
ՄԱԿ-ում Ֆրանսիայի պահանջով արտահերթ նիստ է գումարվել, Հայաստանի խնդրանքով ու դիմումով կայացել է նաև Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ:
Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները հասցեական և խստիվ կերպով դատապարտել են միջազգային մի շարք կառույցներ:
Կարծիքներ