Զբոսաշրջության ոլորտում մարքետինգային քաղաքականությունն ուղղվելու է հինգ երկրների. Քերոբյան
Զբոսաշրջության ոլորտում Հայաստանն իր մարքետինգային քաղաքականությունը կենտրոնացնելու է 4 ուղղության և 5 երկրի վրա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:
Քերոբյանն ասաց, որ զբոսաշրջային ենթակառուցվածքները էական բարելավման կարիք ունեն:
«Զբոսաշրջության ոլորտում մեր մարքետինգային քաղաքականությունը հիմնված է լինելու 4 հիմնական ուղղությունների, 5 երկրների վրա: Մենք շատ սահմանափակ մարքետինգային ռեսուրսներ ունենք: 4 ուղղություններն են մշակույթը, բնությունը, գաստրո և արկածային ուղղությունները: Իսկ 5 երկրները՝ Ռուսաստանը, Իրանը (որոնք հիմա էլ հանդիսանում են ամենամեծ զբոսաշրջային մատակարարները), ինչպես նաև Գերմանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ը»,- ասաց Քերոբյանը:
Նախարարի խոսքով՝ իրենք այդ 5 երկրների և 4 ուղղությունների ուղղությամբ են փորձելու ուժերը կենտրոնացնել առաջիկայում, որպեսզի կարողանան հասնել թիրախին:
Կարծիքներ