ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտները այլևս երբեք չեն կարող չեղարկվել. Տիգրան Ավինյան
«Կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի քաղաքական գործունեություն ծավալել ՀՀ-ում և եթե ընդդիմադիր որոշ քաղաքական գործիչներ, որոշակի առաջարկություններով հանդես են գալիս և ինչ-որ մարդիկ իրենց լսում են, ինչ-որ մարդիկ չեն լսում, ինչ-որ մարդիկ հավատում են, ինչ-որ մարդիկ չեն հավատում, ինչ-որ մարդիկ հիասթափվում են, դա այդ քաղաքականց ուժերի իրավունքն է»:
Այս մասին՝ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիաներին:
«Ես վստահ եմ, որ ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտները այլևս երբեք չեն կարող չեղարկվել և ազատ, արդար և ժողովրդավարական ընտրությունները միշտ լինելու են այն ինստիտուտը, որը գերակա է լինելու այս երկրում»,- նշեց Ավինյանը:
Դիտարկմանը, թե դուք էլ փողոցի ճնշման արդյունքում եկաք իշխանության Ավինյանն արձագանքեց. «Փողոցի ճնշման արդյունքում մենք չեկանք իշխանության, 2018 թվականին տեղի ունեցավ ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխություն, որը իշխանության գալու կամ չգալու մասին չէր, դա նրա մասին էր, որ ՀՀ-ում չէին գործում ժողովրդավարական ինստիտուտներ, չէր գործում ընտրությունների ինստիտուտը, որն 2018 թվականից այս կողմ գործում է, և ինչպես ասացի՝ հարատև գործելու է»:
Քաղաքապետը ընդգծեց՝ ժողովրդի յուրաքանչյուր պահանջին յուրաքանչյուր իշխանություն պետք է համաձայնի. «Բայց խոսքը գնում է ժողովրդի, և ոչ ընդդիմության պահանջի մասին, որն այս պահին դրությամբ կարելի է վստահ ասել, որ փաքրամասնություն է»:
Կարծիքներ