Պարեկները հետապնդել են կարգազանց վարորդներին ու կիրառել «ճանապարհային ոզնի». երիտասարդները բերման են ենթարկվել. տեսանյութ

Պարեկները հետապնդել են կարգազանց վարորդներին ու կիրառել «ճանապարհային ոզնի». երիտասարդները բերման են ենթարկվել. տեսանյութ

Նոյեմբերի լույս 23-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները գիշերային ծառայության ժամանակ նկատել են առանց համարանիշերի «BMW» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց վարորդները, չենթարկվելով պարեկների «Կանգ առ» պահանջին, մեքենաներով փախել են։ Այս մասին հայտնել են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Պարեկային կարգախմբերը հետապնդել են, փորձել հարկադրաբար կանգնեցնել նրանց՝ անգամ կիրառելով «ճանապարհային ոզնի», ինչի հետևանքով ծակվել է «BMW»-ի անվադողը։

Կարգազանց վարորդները շարունակել են փախուստը՝ այդ ընթացքում վնասելով նաև պարեկների մեքենաներից մեկը և վտանգելով երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Հետապնդումը շարունակվել է։ «BMW» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաների վարորդները, դուրս գալով մայրաքաղաքից, ընթացել են Աբովյան քաղաքի ուղղությամբ։ Այնուհետև «BMW»-ն մտել է Երևան-Սևան ճանապարհի հյուրանոցային համալիրներից մեկի ավտոտնակ, իսկ «Տոյոտայի» վարորդը մեքենան կայանել է հյուրանոցի հարևանությամբ։

Պարեկների հմուտ գործողությունների շնորհիվ հյուրանոցից ոստիկանության Կոտայքի բաժին բերման են ենթարկվել 6 անձ։ Բաժնում պարզվել է նրանց ինքնությունը։

Պարզվել է նաև, որ բերման ենթարկվածներից 28-ամյա երիտասարդը ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների, այդ թվում՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ 

Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում